Անցնել հիմնական բովանդակությանը
Ծառայությունների միասնական հարթակ Ծառայությունների միասնական հարթակ(https://hartak.am/) Իմ Տվյալները(https://mydata.hartak.am)
Հայերեն
Վերադառնալ
Ի՞նչ հարկեր են անհատները վճարում Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում դու սկսում ես հարկ վճարել, երբ․
ստանում ես հարկման ենթակա եկամուտ (աշխատավարձ, վարձավճարներ և այլն),
դառնում ես անշարժ կամ շարժական գույքի (տուն, հողամաս, ավտոմեքենա և այլն) սեփականատեր:
Եթե աշխատում ես որևէ գործատուի մոտ, ապա աշխատավարձիցդ գոյացող հարկերը քո փոխարեն հաշվարկում և վճարում է գործատուն։ Քեզ փոխանցվում է քո, այսպես կոչված՝ «մաքուր» աշխատավարձը, որից այլևս հարկեր վճարելու կարիք չկա։ Իսկ քեզ պատկանող գույքի հարկերը դու պետք է անձամբ վճարես:
Բիզնես ունենալու, օրինակ՝ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում քո գործունեությունից առաջացած հարկերը հաշվարկվելու և վճարվելու են առանձին։ Մանրամասները կարող ես գտնել «Վճարել հարկերը» կյանքի իրադարձության ուղեցույցում(https://hartak.am/life-events/վճարել-հարկերը#eb78c9d9-a9a9-4bcc-8b6d-496c1de59d44)։
Եկամուտների հայտարարագրում
Յուրաքանչյուր տարի ՀՀ քաղաքացի հանդիսացող և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը չափահաս դարձած անձինք առցանց եղանակով ներկայացնում են եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։
Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող ։ Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր կայքի միջոցով
Սկսել(https://hartak.am/services/64a59a61-6756-43ba-a5f2-1c6f459f4dc2/yesem)
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Սկսել(https://hartak.am/services/64a59a61-6756-43ba-a5f2-1c6f459f4dc2/app)
Ուղեցույց Եկամուտների հայտարարագրում․ ի՞նչ է պետք անել(https://hartak.am/guides/եկամուտների-հայտարարագրում)
Եկամուտների հայտարարագրի ներկայացման պահանջների, կարգի, ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են ուղեցույցում։
Եկամտային հարկ
Եկամտային հարկը քո ստացած եկամուտների համար պետական բյուջե փոխանցվող պարտադիր գումար է, որի չափը կախված է եկամտի տեսակից և չափից։
Ո՞ր աղբյուրներից ստացված եկամուտներն են հարկվում
Եկամտային հարկով հարկվում է՝
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՝ ՀՀ աղբյուրներից և կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից (արտասահմանից) ստացվող եկամուտը,
ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՝ ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը։
Որքա՞ն է եկամտային հարկի դրույքաչափը
Կախված եկամտի տեսակից՝ հարկի դրույքաչափերը տարբեր են։
Օրինակ՝
աշխատավարձից վճարվող հարկի դրույքաչափը 20% է (աշխատավարձից վճարելու ես նաև 5-10% սոցիալական վճար(https://hartak.am/guides/ֆիզիկական-անձանց-հարկեր#սոցիալական-վճար)),
բնակարանի վարձակալական եկամտից վճարվող հարկի դրուքաչափը 10% է,
բանկային ավանդներից ստացված տոկոսային եկամտից վճարվող հարկի դրուքաչափը 10% է։
Ո՞վ է համարվում ՀՀ ռեզիդենտ
Անձը համարվում է ՀՀ ռեզիդենտ, եթե՝
տվյալ հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել է 183 և ավելի օր ,
նրա տունը, ընտանիքը կամ գործունեության հիմնական վայրը գտնվում է Հայաստանում,
Հայաստանում պետական ծառայության մեջ է , բայց ժամանակավորապես աշխատում է արտերկրում։
Մյուս բոլոր դեպքերում անձը համարվում է ոչ ռեզիդենտ։
Դու ի՞նքդ ես հաշվարկում և վճարում եկամտային հարկը
Եթե դու աշխատում ես որևէ կազմակերպությունում և ունես գործատու, ապա քո հարկերը պետք է հաշվարկի և վճարի գործատուն , ով դառնում է քո հարկային գործակալը։
Եկամտային հարկը դու հաշվարկում և վճարում ես ինքդ, եթե.
հարկվող եկամուտը ստանում ես հարկային գործակալ չհանդիսացող անձից (օրինակ՝ ՀՀ-ում չգրանցված կազմակերպությունից),
քեզ հարկվող եկամուտ վճարող անձը ազատված է հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (օրինակ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն):
Ե՞րբ պետք է ներկայացնես հաշվետվություն, եթե ինքդ ես հաշվարկում և վճարում հարկերդ
Եթե դու ինքդ ես հաշվարկում և վճարում քո հարկերը, ապա մինչև ամեն ամսվա 20-ը պետք է առցանց եղանակով Պետական եկամուտների կոմիտե ներկայացնես պարզեցված հաշվարկ(https://hartak.am/services/b1b868ea-a38a-4f1f-8cb0-210c11284e71/online) և նույն ժամկետում վճարես հարկերդ։
Առցանց ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ
Սկսել(https://hartak.am/services/b1b868ea-a38a-4f1f-8cb0-210c11284e71/online)
Ե՞րբ է հաշվարկվում և վճարվում եկամտային հարկը
Քո գործատուն աշխատավարձիցդ առաջացած եկամտային հարկը հաշվարկում և վճարում է ամեն ամսվա համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ։
Եթե դու ինքդ ես հաշվարկում և վճարում քո հարկերը, ապա մինչև ամեն ամսվա 20-ը պետք է առցանց եղանակով Պետական եկամուտների կոմիտե ներկայացնես պարզեցված հաշվարկ(https://hartak.am/services/b1b868ea-a38a-4f1f-8cb0-210c11284e71/online) և նույն ժամկետում վճարես հարկերդ։
Իսկ այլ եկամուտներից, օրինակ՝ բնակարանի վարձակալությունից ստացված եկամուտներից գոյացած հարկը պետք է վճարես տարեկան կտրվածքով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը՝ նույն ժամկետում ներկայացնելով նաև վարձակալությունից ստացված եկամուտների հայտարարագիրը։
Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը
Եթե ինքդ ես վճարելու եկամտային հարկը, ապա պետք է բանկային փոխանցում կատարես ՀՀ պետական բյուջեի 900008000490 հաշվեհամարին ՝ փոխանցման նպատակ դաշտում նշելով «անուն, ազգանուն, հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել 900008000490 հաշվեհամարին, ապա կարող ես հավելվածում ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Առցանց ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Սկսել(https://hartak.am/services/78ded87e-97e4-4581-9323-e3794739f621/online)
Որո՞նք են 5%-ով հարկվող եկամուտները
5% դրույքաչափով հարկվում է ֆիզիկական անձի ստացած շահաբաժինը ։
Ընդ որում՝ 5% դրույքաչափը գործում է միայն այն շահաբաժինների դեպքում, որոնք բաշխվել են 2018թ.-ի հունվարի 1-ից հետո ծավալած գործունեության արդյունքում ստացված շահույթից։
Որո՞նք են 10%-ով հարկվող եկամուտները
10% դրույքաչափով հարկվում են ֆիզիկական անձի ստացած հետևյալ եկամուտները՝
հեղինակային կամ այլ իրավունքների օգտագործման դիմաց ստացված ռոյալթին ,
բանկային ավանդից կամ պարտատոմսերից ստացված տոկոսները ,
վարձակալական վճարները , Եթե հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը գերազանցում է 60 միլիոն դրամը, ապա գերազանցող մասի համար եկամտային հարկը հաշվարկվում է 20% դրույքաչափով,
գույքի օտարումից ստացված եկամուտները (բացառությամբ՝ կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից օտարվող շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների),
կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ստացված կենսաթոշակները ,
կազմակերպության կանոնադրական կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ, կիսակառույց) ձևով մասնակցության (օրինակ՝ բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) վաճառքից ստացված եկամուտը , եթե դա տեղի է ունեցել այդ մասնակցությունը ձեռք բերելուն հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում (հարկային տարին հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է)։
Որո՞նք են 20%-ով հարկվող եկամուտները
20% դրույքաչափով հարկվում են ֆիզիկական անձի ստացած հետևյալ եկամուտները՝
աշխատավարձը և քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից եկամուտները,
ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները ,
կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից օտարվող շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտները ,
անձին հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտները , եթե դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չեն վճարվել (բացառություն են կազմում բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսները),
այլ տոկոսները և եկամուտները։
Վարձակալության հանձնած անշարժ գույք ունե՞ս
Եթե տունդ, բնակարանդ կամ այլ անշարժ գույք հանձնել ես վարձակալության և դրա դիմաց եկամուտներ ես ստանում, ապա 5-օրյա ժամկետում պետք է այդ մասին հայտարարագիր ներկայացնես։
Ուղեցույց Ի՞նչ է անհրաժեշտ անել անշարժ գույքը վարձակալության հանձնելիս(https://hartak.am/guides/անշարժ-գույքի-վարձակալություն)
Հայտարարագիր ներկայացնելու, եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Պատրաստվո՞ւմ ես հիպոտեքային վարկով բնակարան գնել ՀՀ մարզերում
ՀՀ մարզերում տուն, բնակարան գնելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակ կարող ես հետ ստանալ աշխատավարձիցդ վճարված եկամտային հարկի մի մասը։
Ուղեցույց Ինչպե՞ս հետ ստանալ վճարված եկամտային հարկը հիպոտեքային վարկ ունենալու դեպքում(https://hartak.am/guides/ինչպե՞ս-հետ-ստանալ-վճարված-եկամտային-հարկը)
Եկամտային հարկը վերադարձնելու համար դիմում ներկայացնելու մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Սոցիալական վճար
Աշխատանքային գործունեության ընթացքում քո աշխատավարձից պետական բյուջե վճարվում է նաև սոցիալական վճար, որի շնորհիվ կենսաթոշակային տարիքում պետության կողմից տրամադրող կենսաթոշակից բացի կստանաս նաև լրացուցիչ եկամուտներ։
Ո՞վ է համարվում սոցիալական վճար վճարող
ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում՝
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,
մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում(https://hartak.am/services/d5ba3a32-7009-4c07-ba25-a9f5a6906fc6/yesem),
ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում(https://hartak.am/services/d5ba3a32-7009-4c07-ba25-a9f5a6906fc6/yesem) կամ երբևիցե կատարել են սոցիալական վճար:
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են նույն կարգով, ինչպես ՀՀ քաղաքացիները, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը
Ամսական կտրվածքով քո աշխատավարձից պետական բյուջե փոխանցվում է՝
5 % սոցիալական վճար, եթե աշխատավարձիդ ամսական չափը չի գերազանցում 500,000 դրամը,
10 %-ի և 25,000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, եթե աշխատավարձիդ ամսական չափը գերազանցում է 500,000 դրամը։
Եթե գրանցված աշխատող չես և եկամուտ ես ստանում որպես ինքնազբաղված անձ, ապա սոցիալական վճար վճարելու ես ստացված եկամուտների 5 %-ի չափով:
Առցանց ընտրել կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին
Սկսել(https://hartak.am/services/d5ba3a32-7009-4c07-ba25-a9f5a6906fc6/yesem)
Դու ի՞նքդ ես հաշվարկում և վճարում սոցիալական վճարը
Եթե դու աշխատում ես որևէ կազմակերպությունում և ունես գործատու, ապա քո հարկերը պետք է հաշվարկի և վճարի գործատուն , ով դառնում է քո հարկային գործակալը։ Սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և վճարում է եկամտային հարկի հետ միաժամանակ ։
Սոցիալական վճարը դու հաշվարկում և վճարում ես ինքդ, եթե.
հարկվող եկամուտը ստանում ես հարկային գործակալ չհանդիսացող անձից,
քեզ հարկվող եկամուտ վճարող հարկային գործակալը ազատված է հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից: